Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի կենտրոնում ԽՍՀՄ տարիներից հայտնի, սակայն կիսաավերված վիճակում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում հայտնաբերվել են 9-12-րդ դարերի 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր։

Եկեղեցին կառուցվել է 1830-40-ական թթ․՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից մշտական բնակության եկած հայերի կողմից։ Այն գործել է մինչև 1920 թթ․, որից հետո վերածվել է պահեստի։ 1970-ականներին եկեղեցին սկսել է փլուզվել։

Գյուղի բնակիչները որոշել են նույն տեղում կառուցել եկեղեցի և այդ ժամանակ էլ հայտնաբերել են խաչքարեր ու տապանաքարեր: Գտնվել են նաև 12 ժայռափոր խաչքարեր, որոնք էլ հիմք են ծառայել եկեղեցու կառուցման համար: Խաչքարերի և տապանաքարերի մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն արդեն տեղեկացրել է համապատասխան կառույցներին, իսկ գյուղապետն էլ արդեն խոսել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան վարչության հետ, որոնք խոստացել են, որ մի քանի օրվա ընթացքում կայցելեն գյուղ։