Վիեննայում մեկնարկել են ամենամյա 23-րդ Եվրո-հայկական խաղերը /EAG/, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը։ Համաեվրոպական միջոցառումը կազմակերպվել է Վիեննայի ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության կողմից Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի և Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ: Այս մասին տեղեկությունը փոխանցում է Պանորամա-ն։

Եվրո-հայկական խաղերին մասնակցելու նպատակով Վիեննա է ժամանել 55 պատվիրակություն, հյուրեր, մարզասերներ Եվրոպայի տարբեր երկրներց, իսկ մրցապայքարին կմասնակցեն ավելի քան 730 մարզիկ 15 երկրից: Խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, նարդի և շախմատ, հանդես կգան կանանց, տղամարդկանց և պատանի մարզիկների թիմերը:

Համաեվրոպական խաղերը նպատակ ունեն ամենամյա այս սպորտային միջոցառման շուրջ միավորել հայկական սփյուռքի եվրոպաբնակ հայ մարզիկներին, նրանց համակիրներին և հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Եվրոպահայերի մարզական խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում յուրաքանչյուր տարի Սուրբ Հարության՝ Զատիկի տոնին: Բացառություն են կազմում այն տարիները, երբ Հայաստանում կազմակերպվում են Համահայկական խաղեր: