Այս տարվա ընթացքում շահագործման կհանձնվի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգին, որը գտնվում է Մյասնիկյանի արձանի մոտ, և երևանցիներին ավելի հայտնի Մալիբուի այգին: Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված այգին գտնվում է Էրեբունի թանգարանի հարակից հատվածում: Իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է տարածքում կառուցել ամֆիթատրոն և արհեստական լճակ, նաև ստեղծել շախմատի մեծ հարթակ, ինչպիսին տեղադրված է Ազնավուրի հրապարակում: Այս ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ու որոշվել է, որ այգին կունենա արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտի կլինի նաև երևանյան առաջին այգին, որտեղ կկիրառվեն տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Հարկ է նաև նշել, որ այգում առևտրային որևէ գործունեություն չի նախատեսվում:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերին զուգահեռ այս տարի համայնքային ծրագրերով ևս նախատեսվել ու որոշ տեղերում արդեն սկսվել են այգիների և պուրակների բարեկարգման աշխատանքներ: Նոր, բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն Երևանի 2750-ամյակի, Մալաթիա-Սեբաստիայի Սիրո և հավատի այգիներում, ինչպես նաև Կոմիտասի անվան պանթեոնի հարակից հանգստի գոտում: Երկու նոր հանգստի գոտիներ ևս կկառուցվեն Նոր Նորքի 7-րդ զանգվածում: