Մարտի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր «Միթսուբիշի» մակնիշի մեքենան, որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով: Մեքենան կահավորվել է ԱԻ նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներով և ուժերով: Արդիականացման շնորհիվ այն կծառայի որպես տարբեր տեսակի աղետների գոտում շարժական բուժկետ:

Հատուկ բժշկական սարքավորումներըը հնարավորություն են տալիս արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին ռեանիմացիոն միջոցառումների դեպքում առանց ընդհատումների տեղափոխել մոտակա բժշկական կենտրոններ: Շարժական կառավարման կետը նախատեսված է ինչպես տուժածներին, այնպես էլ փրկարարական անձնակազմին առաջին օգնություն ցուցաբերելու համար: Նոր կահավորանքի շնորհիվ այս մեքենայով հնարավոր կլինի տեղափոխել մինչև 6 պառկած մարդ, կամ՝ 4 պառկած և 4 նստած: Իր զանգվածի և չափերի շնորհիվ այս մեքենան կարող է տեղափոխվել նաև ինքնաթիռի միջոցով՝ այլ երկրներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Այն կահավորվել է եզակի հովացման համակարգով, որը թույլ է տալիս այրվածքներ ստացած տուժածներին մինչև հիվանդանոց հասցնելը ցույց տալ առաջին բուժօգնություն: Սա Հայաստանում առաջին անգամ է ներդրվում: Նախատեսվում է նաև մեքենան համալրել անզգայացման համակարգով՝ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն կատարելու նպատակով: