Ռուսաստանից կարտաքսվեն բրիտանական դիվանագիտական առաքելության շուրջ 50 աշխատակիցներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանցի և բրիտանացի դիվանագետների թվի միջև տարբերությունը 50 մարդուց ավելի է»,- հայտարարել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն բողոք հայտնելու համար: Ռուսաստանի իշխանությունները նաև որոշում են ընդունել կրճատել երկրում աշխատող բրիտանացի դիվանագետների թիվը և հավասարեցնել Միացյալ Թագավորության տարածքում մնացած ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թվին: Բրիտանիայի ԱԳՆ-ն «ցավալի» է որակել Մոսկվայի որոշումը, սակայն մեղադրանքներից չի հրաժարվել, քանի որ նրա կարծիքով Ռուսաստանը թույլ է տվել «միջազգային իրավունքի և Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի խախտում»:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ռուսաստանին մեղավոր են համարում Սկրիպալի թունավորման մեջ։ Լոնդոնից արտաքսվել էին 23 ռուսաստանցի, Ռուսաստանից 23 դիվանագետներ։ Այնուհետև փակվել էր Պետերբուրգում թագավորության գլխավոր հյուպատոսությունն ու դադարեցվել էր Բրիտանական խորհրդի աշխատանքը: Ի պատասխան Բրիտանիան մտադիր է փակել Լոնդոնում ռուսական առևտրի ներկայացուցչությունը: