Լոռու մարզի Ախթալայի շրջանի բնակիչները հայտնում են, որ վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալը։ Նրանք դա պայմանավորում են շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, հաղորդում է «Էկոլուր»-ը:

Ախթալայի շրջանում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները լցվում են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում գտնվող Նահատակի պոչամբար: Բացի այս պոչամբարը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն այս տարածաշրջանում ունի ևս մի քանի ռեկուլտիվացված պոչամբարներ: Հանքարդյունաբերական այս ենթակառուցվածքներն էլ հենց շրջակա միջավայրի աղտոտման պատճառն են:

Առաջացրած խնդիրների մասին հարցազրույցի ժամանակ խոսել է Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Մեծ Այրում գյուղի բնակիչ Օլեգ Դուլգարյանը:

Նահատակ պոչամբարը ցանկապատված չէ: Պոչամբարի տարածքում արածում են կենդանիները, մարդիկ օգտվում են կաթնամթերքից։ Մեր համայնքում մենք ունենք լցված մեծ պոչամբար և մի կիսավթարային բուժկետ: Այդ բուժկետը միակ առողջապահական հաստատությունն է: Պոչամբարի շահագործումը ոչ մի ստանդարտի չի համապատասխանում, խախտվում է մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների համաձայն. «Արյան մեջ կապարի միջին պարունակությունը 6.0 մկգ/դլ է, Ախթալայում երեխաների արյան նմուշներում կապարի մակարդակը կազմել է 6.8 մկգ/դլ, Ալավերդիում` 6.4 մկգ/դլ, Երևանում` 5.1 մկգ/դլ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մետալուրգիական արդյունաբերական համայնքների երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը»:

Շուտով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն կդադարեցնի Նահատակի պոչամբարի շահագործումը: Ընկերությունը պատրաստվում է Շամլուղի հանքի հանքաքարի արդյունահանումն ավելացնել, իսկ առաջացած թափոնները չորացնել և պահեստավորել Շամլուղի բաց հանքի տարածքում, որի պաշարներն արդեն սպառվել են: Նահատակի պոչամբարը պետք է ռեկուլտիվացվի:

Հիշեցնենք, որ 2010թ․-ին Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ-ն ռեկուլտիվացրեց իր կողմից շահագործված Նազիկի պոչամբարը: Իսկ 2012թ․-ին պոչամբարի տարածքում 14 տեսակի 700 ծառ տնկվեց: Սակայն ծառերը չաճեցին: Իսկ պոչամբարի թունավոր պոչերը նորից հայտնվեցին մակերեսեին տեղումների հետևանքով հողի բարակ շերտի լվացման արդյունքում: Նազիկի պոչամբարի ռեկուլտիվացիան տեսնելով` Օլեգ Դուրգարյանը թերահավատ է, որ Նահատակի պոչամբարը ճիշտ կռեկուլտիվացվի: