ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեում ստեղծվել է նոր տեխնոլոգիական զորամաս, որի նպատակն է նորակոչիկների գիտական և գիտատեխնիկական ներուժի բացահայտումը, և այն երկրի անվտանգության ամրապնդմանն ու սահմանների պաշտպանությանը ծառայեցնելը: Այս մասին տեղեկացանք «Արմ ՀայԹեք 2018» ցուցահանդեսի ժամանակ:

Տեխնոլոգիական զորամասում կարող են ծառայել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն առնվազն բակալավրի աստիճան և ենթակա են զորակոչի: Դիմում-հայտ ներկայացնելուց հետո նորակոչիկները պետք է հանձնեն տրամաբանական թեստ և մասնագիտական քննություն: Բավարար միավորներ հավաքելու դեպքում կմասնակցեն ամփոփիչ հարցազրույցի և սահմանված շեմը հաղթահարելու դեպքում կընդգրկվեն տեխնոլոգիական զորամասի համապատասխան մասնագիտական բաժին: