Պեկինի օդում PM-2,5 մանր կարծր մասնիկների պարունակության մակարդակը ապրիլի 2-ին հասել է 323 մկգ/խոր. մետրի: Այն ծխամշուշի հիմնական աղբյուրն է հանդիսանում։ Դա 13 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված թույլատրելի առավելագույն մեծությունը: ՉԺՀ-ի Օդերևութաբանական վարչության տվյալներով՝ Չինաստանի մայրաքաղաքի օդի սաստիկ աղտոտումը կպահպանվի չորս օր։

Ավելի վաղ մարտի 28-ին Չինաստանի մայրաքաղաքի մթնոլորտում PM-2,5-ի պարունակությունը գերազանցել էր 500 մկգ/խոր մետրի նշագիծը: Այդ կապակցությամբ Պեկինի իշխանությունները հայտարարել էին էկոլոգիական վտանգի նարնջագույն՝ նախավերջին մակարդակը: Քաղաքում մտցվել էին տրանսպորտի երթևեկության և արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի սահմանափակումներ, կրթական բոլոր հաստատություններին հանձնարարվել էր չեղարկել պարապմունքները բաց օդում, իսկ տեղի բնակիչներին՝ խուսափել երկար ժամանակ փողոցում մնալուց:

Չինաստանում վտանգի նարնջագույն մակարդակը հայտարարվում է, եթե մթնոլորտում վնասակար մասնիկների կուտակումը 200 մկգ/խոր մետրի նշագիծը գերազանցում է երեք օր անընդմեջ: Չինաստանում գործում է էկոլոգիական վտանգի չորս աստիճան՝ կարմիր, նարնջագույն, դեղին և կապույտ: