Արևելյան Ղութայի Դումա քաղաքից «Ջեյշ ալ-Իսլամ» զինված խմբավորման անդամները՝ ավտոբուսներով սկսել են մեկնել: Այս մասին հայտնել է Սիրիայի Al Ekhbariya կառավարական հեռուստակայանը:

Զինյալների առաջին խումբը՝ ընտանիքների հետ, փախստականների Էլ-Վաֆիդին ճամբարի մերձակա հումանիտար միջանցքով մեկնել է դեպի ստուգման վայր: Այնուհետև ավտոբուսները ուղևորվելու են դեպի Դամասկոս-Հոմս ճանապարհի վրա գտնվող հավաքատեղի, որպեսզի օրվա երկրորդ կեսին ավտոշարասյունով մեկնեն Թուրքիայի հետ սահմանակից Ջարաբլուս քաղաք:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 1-ից Էլ-Վաֆիդին հումանիտար միջանցքը բաց է բոլորի համար: