«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենը կլինի կանադահայ Հարութ Շիթիլյանը։ Կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, ով զբաղեցրել է այդ պաշտոնը այս նախաձեռնության սկզբնավորման օրից։ Այս մասին հայտնել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, փոխանցում է 168.am-ը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ասել է. ««Ավրորա» նախաձեռնությունը մեզնից պահանջում է կարողանալ գործել առավելագույն ազդեցությամբ, որպեսզի հնարավոր լինի արձագանքել մերօրյա հրատապ հիմնախնդիրների մի մասին։ Արմատավորված լինելով ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատմական փորձառության մեջ՝ «Ավրորան» մարմնավորում է բազմաթիվ տասնամյակներ առաջ մեզ օգնության ձեռք մեկնածներին հիշելու և երախտագիտություն հայտնելու գաղափարը»։

37-ամյա՝ մասնագիտությամբ ճարտարագետ Հարութ Շիթիլյանը եղել է Մոնրեալի քաղաքապետարանի գործադիր կոմիտեի փոխնախագահը և Քաղաքային խորհրդի նախագահը։ Տիրապետում է հինգ լեզվի՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերենի և իսպաներեն։ Կանադայում ձեռք բերած աշխատանքային փորձից բացի նա աշխատել է նաև Լատինական Ամերիկայում, Չինաստանում, Սկանդինավիայում, Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։