Ապրիլի 3-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների 2018թ․-ի ցուցակում ընդգրկված անձանց երկրորդ խմբի մասնագիտական պատրաստումը: Առաջին դասից առաջ՝ ավանդույթի համաձայն, խմբում ընդգրկված 33 ունկնդիրներին ողջունեց և շնորհավորեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

«Շատ բարդ մասնագիտություն եք ընտրել, և ինձ համար հաճելի, բայց նաև զարմանալի է, թե ինչպես են մարդիկ ներկայիս պայմաններում ընտրում քննիչի մասնագիտությունը: Միակ պատասխանն այն է, որ դուք այդ մասնագիտությունը շատ եք սիրում և պատրաստ եք ձեզ նվիրել մասնագիտությանը: Երբեք չմոռանաք, որ հենց քննիչի գործունեության իրականացմամբ է ձևավորվում այն հիմքը, որով քրեական արդարադատությունն իրականացվում է: Լիահույս եմ, որ ի դեմս ձեզ, այդ արդարադատությունն ամուր հիմքերի վրա է լինելու»,-դիմելով ունկնդիրներին՝ նշեց ռեկտորը:

Սերգեյ Առաքելյանը տեղեկացրեց, որ Ակադեմիայում ուսումնառությունն էապես տարբերվում է բուհական ուսումնական գործընթացից․ այլ են կրթական չափորոշիչները, մոտեցումները, գիտելիքների գնահատումը և այլն: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիայում արդեն ավանդույթ է, որ ավարտական դիպլոմների հետ միասին շրջանավարտներին հանձնվում են նաև աշխատանքի նշանակման հրամաններ, ուստի հորդորեց ուսումնառության այս ամիսներն արդյունավետ օգտագործել, շատ աշխատել, որպեսզի կարողանան միանգամից անցնել քննիչի գործառույթների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում ունկնդիրներին տրամադրվեցին ուսումնական համապատասխան նյութեր, մասնագիտական գրքեր, որոնք անհրաժեշտ կլինեն ուսումնառության ընթացքում:

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների մասնագիտական պատրաստումն անցկացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա և ուղղված է ունկնդիրների մոտ քնննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը: Ուսումնառությունը կտևի մինչև նոյեմբերի 6-ը՝ ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը, իսկ ընդհանուր ժամաքանակը 250 ակադեմիական ժամ է, ևս 18 ակադեմիական ժամ սահմանված է քննաշրջանի համար:
Տեղեկացնենք, որ ձևավորված մեկ այլ ավանդույթի համաձայն՝ ուսումնական գործընթացին առնչվող հարցերի քննարկման նպատակով Ակադեմիայում պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, որի ընթացքում ունկնդիրներն իրենց հուզող հարցերով դիմում են ռեկտորին: