Ապրիլի 3-ին մեկնարկել է դատավորների և Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև դատախազների 2018թ․-ի տարեկան վերապատրաստումը:

Դատավորների առաջին խմբում ընդգրկված է 26 (այդ թվում 1-ը՝ Արցախի Հանրապետությունից), իսկ դատախազների խմբում՝ 20 ունկնդիր: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը յուրաքանչյուր թե՛ դատավորի (քաղաքացիաիրավական, քրեաիրավական, վարչաիրավական մասնագիտացումներով), թե՛ դատախազի համար սահմանված է 80 ակադեմիական ժամ։ Ուսումնառությունն իրականացվում է երկու փուլով՝ յուրաքանչյուրը 40 ակադեմիական ժամ:

Դատավորների և դատախազների վերապատրաստումն իրականացվում է համապատասխան ուսուցման ծրագրերի համաձայն, որոնք մշակվել են Ակադեմիայի կողմից: Ծրագրերի նպատակն է ապահովել ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումն ու կատարելագործումը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական ոլորտներում: