Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերում շինարարության ակտիվությանը և գլխավոր հատակագծերի գնահատմանը: Այս մասին հայտնում է tert.am-ը։

«Շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից է շինարարության թույլտվությունների տրամադրումը: 2016թ. տրամադրված 2404 շինարարական թույլտվությունների համեմատ 2017թ. տրամադրվել է 3407 թույլտվություն՝ 1003-ով ավել: Սրա հետ միաժամանակ պետք է արձանագրել, որ համայնքների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտեվորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես կանխատեսելիության ձեռնարկումից»,-ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկ ամսվա մեջ մշակել շինարարությունների թույլատրման նորմատիվային մոտեցումներ՝ անդրադառնալով դրանց տևողությանը և պահանջվող փաստաթղթերի հարցերին, նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների համապատասխան ինստիտուտ: Նա հանձնարարեց նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ապահովել համայնքների ու բնակավայրերի գլխավոր հատակագծերի կատարումը, ցուցաբերել հսկողություն, աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել կառավարություն: