Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է Հայաստանում ԵՄ անդամ երկրների (շուրջ 10 երկիր), ԱՄՆ ու Շվեյցարիայի դեսպանությունների համար երկրաշարժերից և այլ արտակարգ իրավիճակներից պատրաստվածության համատեղ վարժանքներ կազմակերպելու հանդիպում-քննարկում։

Հանդիպման սկզբում դեսպանությունների ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, հոգեբանական ծառայություն և աղետների բժշկության կենտրոն:

Քննարկմանը ներկայացվել են ԱԻ նախարարության ձևավորման ընթացքն ու կառուցվածքը, ապա անդրադարձ է եղել Հայաստանին սպառնացող աղետներին՝ մասնավորապես երկրաշարժերին, դրանց դիմակայելու ՀՀ կարողություններին և քաղաքացիների վարքականոններին: Սեմինարի ընթացքում ՀՀ ԱԻ նախարարության և դեսպանատների ներկայացուցիչները քննարկել են հնարավոր աղետներին արագ արձագանքելու համատեղ գործողությունները:

Միջոցառման շրջանակում ապրիլի 5-6-ը ՀՀ ԱԻ նախարարությունը ՀՀ Կոտայքի մարզում իրականացնում է դաշտային ուսումնավարժանք՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Այն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան: Նպատակն է կատարելագործել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի հմտությունները և ՀՀ օտարերկրյա գործընկերներին հնարավորություն տալ գործնականում տեսնելու հնարավոր աղետի դեպքում ՀՀ ԱԻՆ կարողություններն ու ձեռնարկվող միջոցառումները: Այս մասին հայտնում է news.am-ը։

Վարժանքի գործնական հատվածն անցկացվում է «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում: Դրանց ներկա էին նաև ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները: Ուսումնավարժանքը տևելու է 36 ժամ և շարունակվելու է ապրիլի 6-ին: