Ապրիլի 4-ին Լիտվայի ցեղասպանության և դիմադրության թանգարանում տեղի ունեցավ «Սումգայիթ 30» անվանումով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988թ․-ի փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։ Ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ որպես ամբողջություն են այս նյութերը ներկայացվում։ Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 22-ը։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ Սումգայիթում ցեղասպան գործողության իրականացմանը նպաստել է ցեղասպան միջավայրի առկայությունը, որն այսօր ցավոք, ավելի է սաստկացել։ Հայատյացությունը ամենաբարձր պետական մակարդակով է քարոզվում Ադրբեջանում։ Մանկապարտեզներից և դպրոցներից սկսվում է հայերի ապամարդկայնացումը (դեհումանիզացիան)։Նա նաև նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսների, միջոցառումների նպատակն է հիշել անցյալում տեղի ունեցած ողբերգությունը, ապագայում նման դեպքերը կանխելու համար։

Ելույթներ ունեցան նաև թանգարանի գիտահետազոտական բաժնի տնօրեն Արունաս Բուբնիսը, Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և ականավոր լիտվահայ գրող Վահագն Գրիգորյանը:

Ցուցահանդեսից հետո ցուցադրվեց Մարինա Գրիգորյանի հեղինակած «Սումգայիթ 1988. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը։