Նյու Յորքի ոստիկանությունը Մանհեթենում պայթյունը ահաբեկչական միջադեպ է որակել
Նյու Յորքում պայթյունը ահաբեկչական միջադեպ էր, հայտարարել է ոստիկանության կոմիսար Ջեյմս Օ՛Նիլը։ Նա նշել է, որ ձերբակալվածը դիտավորյալ է պայթեցրել սարքը։ Պատասխանելով հարցին, թե կասկածյալը ԻՊ–ի հետ կապ ունի արդյոք, կոմիսարն ասել է, որ ձերբակալվածը հայտարարություն է արել, սակայն դեռեւս չի պատրաստվում այն բարձրաձայնել։
Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյի խոսքով՝ կասկածյալը կալանքի տակ է։
Իշխանությունները պայթուցիկը որակել են որպես «հանպատրաստից ցածր տեխնոլոգիական պայթուցիկ սարք», որը գոտիով և կպչուն ժապավենով ամրացրած է եղել կասկածյալի մարմնին։
GMA–ի աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածը 27-ամյա տղամարդը Բանգլադեշի քաղաքացի է, ով վերջին 7 տարիներին ապրում է Բրուքլինում։ Պայթյունից տուժել է 4 մարդ, այդ թվում` կասկածյալը: Շարժառիթը դեռևս հայտնի չէ:
Նյու Յորքի քաղաքապետը միջադեպը որակել է ահաբեկչության փորձ՝ նշելով, որ բարեբախտաբար կասկածյալին չի հաջողվել հասնել իր նպատակին։