Ֆրանսիայի և Մալիի զինծառայողների բախումների ընթացքում մոտ 30 ջիհադիստ զինյալներ են ոչնչացվել: Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, փոխանցում է Le Figaro հրատարակությունը:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 1-ին Մալիի և Նիգերի սահմանին՝ Աքաբարի շրջանում: Ֆրանսիայի և Մալիի զինծառայողները սահմանի մոտ բախվել են 60 զինյալների, որից հետո կռիվ է սկսվել, որի արդյունքում ֆրանսիացի զինծառայողների թվում սպանվածներ ու վիրավորներ չկան: Մալիացիների կողմից կորուստների մասին հայտնի չէ: Մարտը տեղի է ունեցել հետախուզման և Մալիի շրջաններից մեկի նկատմամբ հսկողությունը վերականգնելու համար մարտի 28-ին սկսված ռազմական գործողության ժամանակ: