ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանն ապրիլի 5-ին կնքել են փոխըմբռնման հուշագիր` Էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը նպաստելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մեր ծրագրի իրականացման և զարգացման գործում ընդգրկվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում հեղինակություն ունեցող, ինչպես նաև առողջապահության նախարարության հոգսերն իմացող կազմակերպություն` Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը»,- ասել է նախարար Լևոն Ալթունյանը։

Արմեն Բալդրյանը նշել է, որ իրենց կազմակերպությունն ի սկզբանե կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ճյուղերում, քանի որ դրանում տեսնում են Հայաստանի տնտեսության և արտադրողականության զարգացման հիմնական ճանապարհներից մեկը։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի ամբողջ բնակչությունն առողջապահության ոլորտի օգտատեր է, ինչպես նաև առողջապահության կարևոր դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, մենք որոշեցինք ակտիվորեն ներգրավվել բարձր տեխնոլոգիաների հիման վրա ներդրված համակարգի կայացման ու զարգացման գործում։ Միության անդամները պատրաստ են բոլոր փորձաքննություններն ամբողջությամբ իրականացնել անվճար։ Մենք կտանք մեր փորձագիտական կարծիքը, կօգնենք բացահայտելու բաց կողմերը և լրացնելու դրանք, ինչպես նաև նախագծելու ապագա ռազմավարությունը»,- նշել է Արմեն Բալդրյանը։

Հուշագիրը ստորագրող կողմերը վստահեցրել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը հետագայում կընդլայնվի։