Ապրիլի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետերը, համայնքների ղեկավարներ:

«Միջգերատեսչական հանձնաժողովը խնդիր ունի արժանավայել կազմակերպելու և աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով անցկացնելու Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները», - նշել է ԱԻ նախարարը:

Տարեվերջին սպասվող համապետական միջոցառումները կներառեն երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում, աղետներին դիմակայունության համապետական վարժանք, «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի անցկացում և դաշտային խոհանոցի մրցույթ:

Աշխատանքային խմբերի ղեկավարներն ըստ ուղղությունների ներկայացրել են միջոցառումների նախապատրաստման և անցկացման հետ կապված աշխատանքներն ու առկա խնդիրները: Մասնավորապես, նիստի մասնակիցներին ներկայացվել են աղետներին դիմակայունության համապետական վարժանքի, հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տարահանման ուսումնավարժությունների, մարզերում անցկացվելիք տակտիկական և ցուցադրական վարժանքների հետ կապված մանրամասներ:

Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորում անցած քաղաքային որոնաղփրկարարական թիմերի եռօրյա վարժանքը ևս մեկ հնարավորություն կլինի ցուցադրելու, որ Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց Հայաստանը փրկարարներ և օգնություն ներմուծողից դարձել է արտահանող երկիր: Միջոցառումների շարքում նախատեսվում է Գյումրիում անցկացնել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ, որին կմասնակցեն դաշտային խոհանոց ունեցող ՀՀ գերատեսչությունները, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, միջազգային մասնակիցներ ու դիտորդներ:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին որոշվել է մեկամսյա ժամկետում աղետի գոտու պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ ճշգրտել աշխատանքային պլանները՝ հաշվի առնելով քննարկումներն ու արված առաջարկությունները, իսկ նոր և լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարությանը: