ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 1-20-ը Շուշիում՝ կերպարվեստի պետական թանգարանի քանդակի պուրակում, անց է կացվելու շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության 6-րդ միջազգային սիմպոզիումը: Այս մասին հայտնում է Արցախպրեսս-ը։

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն լրագրողի հետ հարցազրույցում նշել է, որ սիմպոզիումին կարող են մասնակցել քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից:

«Սիմպոզիումի առանցքային մասը քանդակագործական ստեղծագործարանն է, որի շրջանակներում մասնակից քանդակագործներից յուրաքանչյուրը կկերտի «Պայքար» թեմայով իր քանդակը: Ստեղծագործարանում կերտված քանդակները կմնան Շուշիում և կտեղադրվեն քաղաքի տարբեր վայրերում: Սիմպոզիումի նպատակն է նպաստել քանդակագործության զարգացմանն Արցախում, միջազգային համագործակցության խթանմանը կերպարվեստի բնագավառում, հայ և օտարազգի արվեստագետների համար ստեղծել մշակութային և մասնագիտական շփման հարթակ, նպաստել նաև Շուշիի երբեմնի մշակութային դիմագծի վերականգմանը՝ հավերժացնելով շուշեցի մեծանուն քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը»,- նշել է Լ. Գասպարյանը:

Դիմումների վերջնաժամկետը մայիսի 30-ն է, և սիմպոզիումին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել օնլայն դիմում-հայտ՝ ուղարկելով այն սիմպոզիումի ֆեյսբուքյան կայքէջին: