ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ալեքսեյ Միլլերի, Վիկտոր Վեկսելբերգի, Անդրեյ Կոստինի, Սուլեյման Քերիմովի և Օլեգ Դերիպասկայի նկատմամբ: Այս տեղեկատվությունը ապրիլի 6-ին զետեղվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սահմանավակումների տակ են հայտնվել Ռուսաստանի յոթ ձեռնարկատերեր և նրանց հսկողության տակ գտնվող 12 ընկերություններ։

«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների նկատմամբ հսկողության վարչությունը պատժամիջոցներ է սահմանում ռուսաստանցի յոթ օլիգարխների և 12 ընկերությունների դեմ, որոնք նրանց սեփականությունն են կամ գտնվում են նրանց հսկողության ներքո», - ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Պատժամիջոցներ են սահմանվում նաև Ռուսաստանի 17 պաշտոնատարների, զենքի մատակարարումներով զբաղվող ռուսական ընկերության և պետական մեկ բանկի նկատմամբ: Վաշինգտոնի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ այս որոշումն ընդունել են «աշխարհում նրա չարամիտ գործունեության» համար, սակայն երկխոսության համար դուռը բաց է մնում:

«Ներկայիս վարչակազմը պարզորոշ հասկանալ է տվել, որ երկխոսության դուռը բաց է: Մենք Ռուսաստանի հետ պահպանում ենք կապուղիները Ուկրաինայի, Սիրիայի, սպառազինությունների վերահսկողության և երկկողմ բազմաթիվ այլ գործերի շուրջ»,-ասել է ԱՄՆ-ի գործադիր իշխանության ներկայացուցիչը:

«Երկկողմ հարաբերությունների նորմալացումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի ագրեսիվ գործելակերպը: Այնքան ժամանակ, քանի դեռ նա դա չի անի, մենք կշարունակենք նրան գին պարտադրել ագրեսիայի համար»,-հավելել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: