Այսօր՝ Գյումրու քաղաքապետարանում քաղաքային տեղի ունեցավ ճանապարհների և փողոցների լուսավորության ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման թեմայով հանրային քննարկում: Այս մասին հայտնում է 168.am-ը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Գյումրու քաղաքային ճանապարհների հիմնանորոգման և փողոցների լուսավորության վերաբերյալ ծրագրով Գյումրիում հիմնանորոգվելու են մի շարք փողոցներ:

Այսպիսով՝ ծրագրի առաջին փուլով նախատեսված է Գյումրիում հիմնանորոգել 12 փողոց, որոնցից 5-ն համարվում են գլխավոր, 7-ը՝ երկրորդական: 12 փողոց և 2 հրապարակ նախատեսված է հիմնանորոգել այս տարի: Հաջորդ շաբաթվանից նախատեսված է շինարարական աշխատանքների մեկնարկը: Մնացած ճանապարհահատվածները գտնվում են մրցույթի փուլում:

Երևանյան խճուղում նախատեսված է հիմնանորոգում, ջրահեռացման համակարգի ապահովում, ճանապարհային լուսավորության ապահովում, մայթերի վերանորոգում՝ պարտադիր թեքահարթակներով: Նախատեսված է նաև Գարեգին Նժդեհի պողոտայի և մայթերի վերանորոգում: Վազգեն Սարգսյանի փողոցը նույնպես ծրագրի ցանկում է,ինչպես նաև տվյալ հատվածում գտնվող կամուրջը: Տիգրան Մեծ պողոտայի մայթերի, ճանապարհածածկի հիմնանորոգում է լինելու, երկկողմանի ճանապարհային լուսավորության ապահովում, Սայաթ-Նովա պողոտայում ևս ճանապարհային ծածկի հիմնանորոգում է նախատեսված: Շառլ Ազնավուրի հրապարակում ստորգետնյա ջրահեռացման համակարգի հիմնանորոգում է տեղի ունենալու: Կոմիտասի պողոտայում ևս հիմնանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու: Երկրորդական փողոց համարվող Գերցեն փողոցն ամբողջությամբ քայքայված է, որտեղ նախատեսված է ճանապարհային ծածկի ամբողջական փոխարինում, գոյություն ունեցող կամրջի նորոգում և լայնացում, նաև՝ ստորգետնյա ջրահեռացման համակարգի կառուցում: Հաջորդը «Կումայրի» թաղամասի 4 փողոցներն են՝ Ղորղանյան, Աբովյան, Վարպետաց և Ջիվանի:

Քաղաքի բոլոր փողոցներում, բացառությամբ երկու երկրորդական փողոցների, վերգետնյա մալուխներն անցկացվելու են ստորգետնյա համակարգով: Սյուների վրա մալուխներն այլևս չեն երևալու:

Նախատեսված է նաև երկու ստորգետնյա անցում նորոգել: