ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր՝ ապրիլի 6-ին, կայացել է Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը, «Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը, նախարարության և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է news.am-ը։

Փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ Հայաստանում մեկնակում է աննախադեպ ծրագիր, որի նշանակությունը իսկապես համաշխարհային կլինի։

«Հատկանշական է, որ սա զրոյից մեկնարկող լայնածավալ ծրագրի մի օրինակ կարող է լինել, ինչպիսիք շատ չեն ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Մենք գործ ունենք լրիվ նոր ծրագրի հետ»,- ասել է Վ. Տերտերյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ Մայմեխի ներդրումային ծրագիրը նոր զարկ կհաղորդի Լոռու մարզի տնտեսական կյանքին և կակտիվացնի բիզնես միջավայրը:

«Լոռու մարզը, լինելով արդյունաբերական մարզ, ունի նաև տուրիզմի զարգացման լուրջ հեռանկարներ: Հետևելով կառավարությանը՝ մենք մեր 2017-2025թթ․․-ի մարզի տնտեսության զարգացման ռազմավարության մեջ գերակա ուղղություն ենք հռչակել նաև տուրիզմի զարգացումը` որպես կարևորագույն ճյուղ, ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս կարևորագույն ծրագիրը մեր մարզում կյանքի կոչվի»,- վստահեցրել է մարզպետը:

Ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը հավաստիացնելով, որ Մայմեխի ծրագիրը իր նախադեպը չունի Հայաստանում, մանրամասնել է. «Ընտրվել է Լոռու մարզը որպես տուրիզմի համար պոտենցիալ ունեցող լավագույն մարզերից մեկը. խոսքը վերաբերում է Լոռու անարատ բնությանը եւ Փամբակի լեռնաշղթային: Փամբակի լեռնաշղթայի բարձրությունը և տեղումների քանակը բավականին հարմարավետ են լեռնադահուկային համալիրի ստեղծման համար։ Մեր հիմնական կապալառուն եղել է կանադական Ecosign կազմակերպությունը, որն աշխարհահռչակ կազմակերպություն է լեռնադահուկային համալիրների նախագծման ոլորտում»:

«Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը մանրամասն ներկայացնելով ծրագրի աշխարհագրական և բնակլիմայական առանձնահատկություններն ու կոմերցիոն նշանակությունը, տեղեկացրել է, որ հանգստավայրը կգործի ամբողջ տարի, կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու և բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ: Ծրագրի շնորհիվ կստեղծվի շուրջ 1600 աշխատատեղ, ներդրումային արժեքը կազմում է 14,4 միլիարդ ՀՀ դրամ։