Քաղաքացիներն ահազանգում են, որ շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը ուշ է եփվում, գարշահոտ է, պարունակում է պլաստմասսա։ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը ասաց, որ Եվրոպայի սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը 2016թ. պլաստիկե բրինձների խնդիրը ներառել է ԵՄ-ի ահագնացող ռիսկերի մեջ։

«Բրնձի հետ կապված բողոքը ստացել ենք քաղաքացիներից, այսինքն՝ քաղաքացիներն արձագանքել են, որ տհաճ հոտով բրինձ են հայտնաբերել, որը բոցավառվում է, պարունակում է պլաստմասսա, այսինքն՝ պլաստիկե բրինձներ են։ Մենք չենք գնացել նոր խմբաքանակներ նմուշառել, այլ քաղաքացիների նմուշները փորձաքննության ենք ենթարկել՝ հասկանալու համար՝ դրանք խնդրահարո՞ւյց են, թե՞ ոչ։ Քաղաքացիներից մեկի կողմից ներկայացված նմուշը չի բորբոսնել, բայց կեղծ բրինձ և պլաստիկե բրինձ հասկացությունները տարբեր են։

Մենք կապվեցինք Եվրոպայի մեր գործընկերների հետ, որովհետև Եվրոպայի սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը 2016թ. պլաստիկե բրինձների խնդիրը ներառել է ԵՄ-ի ահագնացող ռիսկերի մեջ և նշել, որ իրենց մոտ կա տվյալ խնդիրը»,- ասաց Պիպոյանը։