Վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ-ում ուռուցքային հիվանդության մոտ 70% աճ ունենք․ ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան
Ապրիլի 9-12-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու են երկու գիտագործնական կոնֆերանսներ՝ «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիս չափանիշներ» և «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ» խորագրով, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Գերմանիայի և Ավստրիայի 11 պրոֆեսորներ: Այս մասին հայտնում է tert.am-ը։
Կոնֆերանսները կազմակերպված են Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկայի և ԵՊԲՀ միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: ԵՊԲՀ և Մյունսթերի միջև համագործակցության շրջանակներում 2016 և 2017թթ. ընթացքում մասնագիտական կատարելագործման նպատակով Մյունսթերի կլինիկա են մեկնել 6 բժիշկ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր բացման խոսքում նշեց, որ այս օրերին կայանալիք կոնֆերանսները խիստ կարևոր են՝ հաշվի առնելով կոնֆերանսների թեմաները և Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի սուր անհրաժեշտությունը։ Նրա տեղեկացմամբ՝ կոնֆերանսների ընթացքում գերմանացի և ավստրիացի պրոֆեսորները կներկայացնեն քաղցկեղի ժամանակակից ախտորոշման արդի խնդիրները, այս ուղղությամբ ձեռքբերումները և այլն։
Միջոցառմանը ներկա ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը հույս հայտնեց, որ այս երեք օրերի ընթացքում հնարավոր կլինի կիսվել խնդիրներով, լսել նորությունները։ Նրա խոսքով՝ այժմ ՀՀ շատ քաղաքացիներ քաղցկեղի բուժման համար գնում են Գերմանիա, բայց այս համագործակցության շարունակականությունը թույլ կտա նաև Հայաստանում կազմակերպել բուժումը։
«Ուռուցքաբանությունը մեր երկրում ունի բազմաթիվ խնդիրներ։ Ցավոք սրտի, Հայաստանում գրանցվում է բավականին մեծ աճ և վերջին 20 տարիների ընթացքում մենք ունենք ուռուցքային հիվանդության մոտավորապես 70 տոկոս աճ: Դրա հետ մեկտեղ մենք ունենք մեծ խնդիր`մահացության հետ կապված»,- նշեց Արմեն Տանանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում ուռուցքների 40-45 տոկոս դեպքերը հայտնաբերվում են 3-րդ, 4-րդ փուլերում, որն էլ ավելի շատ մահացության է բերում։ Չնայած, ըստ նրա՝ այսօր ՀՀ-ում կան քաղցկեղը վերապրած 40 հազար մարդ։