Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն: Այս մասին՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը: Նա նշեց, որ մրցումներն անցկացվելու են ապրիլի 14-19։ Ապրիլի 14-ին ներկայանում են թիմերը, իսկ ապրիլի 15-ին արդեն մեկնարկում են մրցումները: Փոխանցում է Պանորամա-ն։

Առաջնությանը մասնակցելու է 32 երկրից ժամանած թիմ, 290 մասնակից, ընդհանուր՝ բոլոր մարզաձևերից լինելու են 60 թիմ: Նախապես առաջնության անցկացման համար քննարկվել է Հայաստանի և Իսրայելի տարբերակը, սակայն 44 մասնակիցներից 34-ը Հայաստանի օգտին է քվեարկել, 8-ը՝ Իսրայելի:

Ավագ մարզիչ Արտաշես Մադոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը մասնակցելու է երկու զենքաձևում՝ ճկասուսերի մրցումներում՝ աղջիկների և տղաների համար, և խոցասուսերի մրցումներում՝ աղջիկների ու տղաների համար, մասնակցելու են 15 մարզիկ-մարզուհիներ, թիմային մրցումների դեպքում Հայաստանը մասնակցելու է երեք զենքաձևում: