ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուեն և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարերար Հերբի Հենկոկը հայտարարել են Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը, որը կանցկացվի որպես հյուրընկալող քաղաք՝ Սանկտ Պետերբուրգում և աշխարհի շուրջ 190 երկրում:

Սանկտ Պետերբուրգում սպասվում են մի շարք կրթական և հանրային ծրագրեր: Պատմական Մարիինյան թատրոնում տեղի կունենա համերգ՝ համաշխարհային հռչակ ունեցող աստղերի մասնակցությամբ։ Ջազի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի ապրիլի 30-ին, կներկայացնի յոթ մայրցամաքներում ջազային երաժշտությունը՝ որպես համաշխարհային լեզու:

Աշխարհահռչակ աստղերի մասնակցությամբ համերգի գեղարվեստական ղեկավարները կլինեն Հերբի Հենկոկը (ԱՄՆ) և հայտնի սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը (Ռուսաստան) և Ջոն Բիսլին (ԱՄՆ): Համերգին կմասնակցեն երաժիշներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Մարոկկոն, Կուբան, Ճապոնիան, Պանաման։

Հիշեցնենք, որ ջազի միջազգային օրն առաջին անգամ անցկացվել է 2012թ․-ին։ Օրացույցում նոր ամսաթվի ներմուծման և ապրիլի 30-ին այն տոնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը հայտարարել էր 2011թ․-ի նոյեմբերին։