Ապրիլի 9-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ պարոն Ռոբերտո Նոչելլան, տիկին Պաոլա Մաջին և «Դանթե Ալիգիերի» կազմակերպության արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ պարոն Ջուզեպպե դ’Անտոնիոն, ՀՀ արտաքին գործերի նախարարությանփոխնախարար Ա. Պապիկյանը, ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Այս մասին հայտնում է Պանորամա-ն։

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն հույս է հայտնել, որ Իտալիայի մշակույթը՝ իտալերեն լեզվի և մշակույթի կիրառումն ու տարածումը Հայաստանում առաջիկայում կակտիվանա: Նա տեղեկացրել է, որ մայիսին Հայաստանում իտալական ֆիլմերի փառատոն է անցկացվելու և ակնկալում է ուսանողների ակտիվ մասնակցությունը:

«127 տարվա պատմություն ունեցող «Դանթե Ալիգիերի» կազմակերպությունը աշխարհում 401 ներկայացուցչություն ունի, կարծում եմ 402-րդը շուտով կհիմնվի Հայաստանում։ Վստահ եմ` ԵՊԼՀ-ն և «Դանթե Ալիգիերի»-ն կկարողանան գտնել համագործակցության Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը նպաստող, փոխշահավետ ոլորտներ»,-նշել է դեսպանը։

Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Ֆ. Հովհաննիսյանը, ողջունելով և ներկայացնելով հյուրերին, նշել է, որ իտալերենն այն ժողովրդի լեզուն է, որը համամարդկային արժեքներ է տվել աշխարհին և հանդիսացել է Եվրոպայի քաղաքակրթության օրրանը: