Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ԱՊՀ-ի երկրների մշակույթի, գիտության եւ կրթության այլ գործիչների թվում դարձել է «Համագործակցության աստղի» դափնեկիր։

Պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 11-ին կայացել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների ստեղծագործական ու գիտական մտավորականության՝ Մոսկվայում ընթացող համաժողովում:

«Համագործակցության աստղ» մրցանակը 2009 թվականից ավանդաբար շնորհվում է արվեստի, գիտության եւ կրթության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար: Դրա հիմնադիրներն են՝ Հումանիտար համագործակցության խորհուրդը եւ ԱՊՀ-ի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Պարգեւի դրամական բաղադրիչը կազմում է 2 մլն ռուբլի:

Այս տարի, Տիգրան Մանսուրյանից բացի, դափնեկիրներ են դարձել բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը (Ռուսաստան), գրականագատ Իվան Սավերչենկոն (Բելառուս), թատերական ղեկավար Տոլեուբեկ Ալպիեւը (Ղազախստան), մաթեմատիկոս Ալթայ Բորուբաեւը (Ղրղզստան), կոմպոզիտոր Եվգենի Դոգան (Մոլդովա), դերասան Իբոդուլլո Մաշրաբը (Տաջիկստան) եւ ուրիշներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: