Հանրապետությունում մատուցվող ծառայությունների ոլորտում 2018թ. մարտին՝ փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների 0.3% աճ: Այս պատկերը երևում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում։ Համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով, տրանսպորտինը՝ 1.7%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 4.5% հավելյալ աճով), առողջապահության ծառայություններինը՝ 2.5%-ով:

Գրանցվել է նաև հանգստի և մշակույթի, բնակարանային ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0.4% և 0.2% նվազում։ Կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2018թ. մարտին՝ փետրվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.6% հավելաճ, մեկում՝ 0.1% նվազում, իսկ 6-ում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը աճել է 0.4%-ով: