Հայաստանում 2019թ․-ին անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով, որի շրջանակներում մեր երկիր կայցելեն շուրջ 2000 գործարարներ, նորարարներ, պետական հատվածի ներկայացուցիչներ, վերազգային կորպորացիաներ, ներդրողներ և նշանավոր գիտնականներ: Այս մասին հայտնել է 168.am-ը։

2008թ․-ին կառավարությունն ընդունեց ՏՏ ոլորտի զարգացման նոր՝ տասնամյա զարգացման ռազմավարություն՝ հիմնական գերակայություն սահմանելով ոլորտի զարգացումը, Հայաստանում մրցակցային ներուժի հզորացումը և առաջավոր տեղեկատվական հասարակության ձևավորումը: 2008թ․-ից պետական բյուջեից սկսեցին միջոցներ տրվել ՏՏ ոլորտը համակարգող համապատասխան պետական մարմիններին:

Ոլորտի աճի տեմպերն այնքան արագ էին, որ շուտով կայացավ ArmTec միջազգային համաժողովը, այն հաջորդաբար կազմակերպվում է Հայաստանում և ԱՄՆ-ում: Զարգացման հետ մեկտեղ կազմակերպվում է հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների Digitec մասնագիտացված ցուցահանդեսը:

Վերջին տաս տարիներին կնքվել են մի շարք միջազգային պայմանագրեր, ինչպես պետությունների (Եգիպտոս, Հնդկաստան և այլն) այնպես էլ միջազգային աշխարհահռչակ ընկերությունների (Microsoft, Alcatel, HP, INTEL, IBM, Simens, Oracl, Cisco) հետ: Սահմանվեց նախագահի մրցանակ: 2010թ․-ից մրցանակն ամեն տարի շնորհվում է նրանց, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են տեղեկատվական զարգացումների: Այս մրցանակը Հայաստան բերեց այնպիսի մասնագետների ինչպիսիք են՝ Սթիվ Վոզնյակը, Մարիո Մացոլան, Եվգենի Կասպերսկին, Մակիմոտոն:

Նախագահի կողմից անընդհատ խրախուսվում են և պարգևատրում են ՏՏ ոլորտում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ու դպրոցականները: 2016-2017թթ․-ի ընթացքում Հայաստանում ներդրվեց ՏՏ ոլորտի պետական աջակցության ուղղված օրենսդրական փաթեթը: Այդ օրենքի շնորհիվ նոր ստեղծվող և սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հասանելի դարձան հարկային արտոնությունները: Դրանք ենթադրում են շահութահարկի 0 տոկոս և եկամտահարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում:

Ընդհանուր առմամբ հավաստագրվել և վերը նշված հարկային արտոնություններից օգտվել է նորաստեղծ և սկսնակ 591 կազմակերպություն, որոնցից 431-ը միայն անցած տարի: 2018թ․-ի հունվարից Հայաստանում ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած շահաբաժինները հարկվում են արդեն 5 տոկոս եկամտահարկով:

2014թ․-ից ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ կառավարության, տեղական ու միջազգային ընկերությունների աջակցությամբ՝ կրթական համակարգում մեկնարկել է «Արմատ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը: Արդեն Հայաստանում և Արցախում գործում է 220 լաբորատորիա:

Ոլորտի կտրուկ աճի շնորհիվ աշխատանքի շուկայում ՏՏ ոլորտը դարձավ այն ոլորտներից, որտեղ աշխատուժի թե՛ քանակական, թե՛ որակական պահանջարկը մի քանի անգամ գերազանցում էր առաջարկին: Ոլորտի զարգացման արդյունքում 2011թ․-ին Սեմ և Սիլվո Սիմոնյանները հիմնեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Որն այսօր իր մասնաճյուղերն ունի Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում:

Ընդունված է համարել, որ Հայաստանը ՏՏ ոլորտում արտահանող երկիր է: Արտադրանքի և ծառայությունների 50 տոկոսից ավելին արտահանվում է: Արտահանումների 60 տոկոսը ուղղվում է ԱՄՆ, Կանադա, 18 տոկոսը՝ Եվրոպա, 16.6 տոկոսը՝ Ռուսաստան-ԱՊՀ:

ՏՏ ոլորտի այսպիսի աճը նաև ժողովրդագրական լուրջ խնդիր է լուծում: Ոլորտը ապահովում է ոչ թե ուղղակի աշխատատեղեր՝ առօրյա հարցերը լուծելու համար, այլ ձևավորում է ապահովված և ինտելեկտուալ միջին խավ, որը կարող է իր մեծ ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Ոլորտում աշխատող մասնագետների միջին աշխատավարձը 2000-2700 դոլար է:

Միջազգային հարթակներում ՏՏ ոլորտի հայկական ձեռքբերումների թվում են՝ թվային հրատարակչական ծառայությունների շուկայում հայտնի Joomeg-ի տեղակայումը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս աշխարհի ավելի քան 300.000 հրատարակիչների ստեղծելու թվային, ինտերակտիվ ամսագրեր կատալոգներ էլեկտրոնային գրքեր և այլն։ Triada ընկերության Shadowmatic խաղը հաղթեց հեղինակավոր Apple դիզայն մրցույթում և գրավեց անդրոիդ շուկան՝ դասվելով աշխարհի լավագույն խաղերի շարքին: Լուսանկարների խմբագրման Picsart հավելված այսօր ունի ավելի քան 100.000.000 ակտիվ օգտատեր աշխարհում: Ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկմամբ զբաղվող Soft Construct ընկերությունը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում, ներկայանում է տարեկան ավելի քան 120 ցուցահանդեսի և 4-րդ տարին անընդմեջ արժանանում է խաղային ոլորտում տեխնոլոգիաների լավագույն մատակարար մրցանակին:

2018թ․-ի համար նախանշված քայլերի թվում են՝ կրթական հաստատությունների պետական և ՏԻՄ համակարգչային հագեցվածությունը հասցնել 100 տոկոսի, ինտերնետ կապի հասանելիությունը բնակչության շրջանում հասցնել 90 տոկոսի, Էլեկտրոնային ծառայությունների մասնաբաժինը պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններում հասցնել 80 տոկոսի, ՏՏ ոլորտի եկամուտները՝ 1 միլիարդի, արտահանումները՝ 700.000.000 դոլարի, ներգրավված վենչուրային կապիտալն՝ ավելի քան 700 միլիոն դոլարի: