Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ Արդեն արված են շուրջ 15 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ներքին շերտի և 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ:

Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող շուրջ 39 կմ-անոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները բաժանված են 3 հատվածների, որոնցում ներգրավված մասնագետների ու բանվորների մեծ մասը տեղի բնակիչներ են։ Շինաշխատանքները մեկնարկել են 2016թ.-ի օգոստոսին։ Մինչև այժմ կատարվել են շուրջ 550 հազ խորանարդ մետր հողային աշխատանքներ, կառուցվել են 5621.5 գծմ ընդհանուր երկարությամբ հենապատեր և վերականգնվել 10 հազար գծմ-ից ավելի ընդհանուր երկարությամբ ջրահեռացման համակարգը։

Լայնամասշտաբ շինարարության ընթացքում վերականգնվում ու հիմնանորոգվում են ճանապարհահատվածում գտնվող 9 կամուրջ և 3 թունել։ Թունելներից առաջինում այժմ կատարվում են վերանորոգման աշխատանքներ։

Ճանապարհի առաջին հատվածի վերակառուցման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հեռահաղորդակցության երկու օպերատորներին պատկանող 32.5 հազար գծամետր օպտիկամանրաթելային մալուխներ տեղափոխել և տեղադրել։