Ադրբեջանում ապրիլի 11-ին սկսվել են նախագահի արտահերթ ընտրությունները:

Երկրի նախագահի պաշտոնի ութ թեկնածուներն են՝

- իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիևը,

- ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը,

- Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն,

- «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության թեկնածու Գուդրաթ Հասանգուլիևը,

- «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության թեկնածու Ֆարաջ Գուլիևը,

- «Մուսաիր Մուսավաթ»-ից՝ Հաֆիզ Հաջիևը,

- Ազգային ճակատի նախաձեռնող խմբից՝ Ռազի Նուրուլլաևը,

- Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից՝ Սարդար Ջալալօղլուն:

Թեպետ թեկնածուների առկայությանը, ակնհայտ է, որ ընտրություններում հաղթողի միակ հավակնորդը վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ վերընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թթ․):

Այս ընտրություններն առաջինն են Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016թ․-ին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 309 հազար 434 քաղաքացի, այդ թվում և արտերկրում բնակվող ադրբեջանցիները: Քվեարկության ընթացքին հետևելու են 894 միջազգային, 58 հազար 175 տեղական դիտորդ, 60 կազմակերպություն: Քվեարկությունը կավարտվի Ադրբեջանի ժամանակով ժամը 19:00-ին: