Չինաստանում՝ Տիբեթի Նգարիի օկրուգի (Տիբեթի Ինքնավար Շրջան, Հարավարևմտյան Չինաստան) Զանդա քաղաքից 10կմ հեռավորության վրա հնագետները հայտնաբերել են հնադարյան դամբարաններ, որոնք շուրջ 3 հազար տարվա պատմություն ունեն: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Ինչպես նշել է Տիբեթի Մշակութային ժառանգության պահպանության ինստիտուտի աշխատակից Շակա Վանդույը՝ ճառագայթաածխածնային տարրալուծման մեթոդի միջոցով գիտնականները պարզել են, որ գտնված գերեզմանները վերաբերում են թաղումների երկու ժամանակաշրջանների: Առաջին խմբի տարիքը հասնում է 2,1-2,3 հազար տարվա, իսկ երկրորդինը՝ 3-3,5 հազար տարվա: Հնագետները նշում են, որ աշխատանքների վայրում գտնվել են հնադարյան արտեֆակտներ, խեցեգործական իրեր, կավե ամանեղեն, բրոնզե զանգեր և մատանիներ, ոսկրերի մնացորդներ: Գտնված դամաբարանները համարվում են «հնագույնները Տիբեթի տարածքում գտնվածներից, որոնցում պահպանվել են բրոնզե առարկաներ»: