Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում մեկնարկել են 2018թ․-ի պեղումները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը։ Փոխանցում է «Արմենպրես»-ը։

Նրա խոսքով՝ այս տարվա Նոր Կարմիրավանի պեղումները 2016թ․-ի հետախուզական պեղումների շարունակությունն են: Կշարունակվեն մինչև ապրիլի վերջ:

«Այս կոթողները հայտնաբերվել են 2016թ․-ին, ինչից հետո տեղում սկսվել են հետախուզական պեղումներ, պարզելու` արդյոք կոթողները գտնվո՞ւմ են իրենց կանգնեցման նախնական վայրում, թե ոչ»,-ասել է Երանյանը:

Մարդակերպ կոթողների գիտական հետազոտությունն Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի ուսումնասիրության մասն է կազմում: Արցախում ներկայումս հայտնի են շուրջ երեք տասնյակ նմանատիպ մարդակերպ կոթողներ: Վերջինները, սակայն, գտնվում են տեղաշարժված վիճակում:

«Նոր Կարմիրավանի մարդակերպ կոթողների հետազոտությունը, նրանց հնագիտական միջավայրի վավերացումը կպատասխանեն այս կոթողների վերաբերյալ մի շարք կարևոր հարցերի: Կոթողների ուսումնասիրությունը կարևոր է ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես և Կովկասի և ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի համար: Հետևաբար, նրանց ուսումնասիրությունը և ներկայացումը Արցախի վրա կգրավի տարածաշրջանով հետաքրքրվող այլ մասնագետների և լայն շրջանակների հետաքրքրությունը ևս»,-հավելեց նա: