Վանաձորի ավագանու նիստում վիճել են հանրապետական անդամն ու ՀՎԿ-ական փոխքաղաքապետը
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին կայացած Վանաձոր համայնքի ավագանու նիստի ավարտին ՀՀԿ-ական ավագանու անդամ Վահագն Ավագյանը բարձրացրեց քաղաքի աղբահանության վատ վիճակի հարցը: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մեկնաբանություններն այս թեմայով ավագանու անդամին չբավարարեցին:
«Ես ասեմ, որ խայտառակ վիճակ է: Ոչ մի տարի էսքան վատ չի եղել,- նշեց նա, ապա դիմեց քաղաքապետի նորանշանակ առաջին տեղակալ Արկադի Փելեշյանին,- իսկ քաղաքապետի առաջին տեղակալն ի՞նչ կասի»:
«Քաղաքապետի առաջին տեղակալը կասի, որ դու տեսնում ես, ես ավելի լավ եմ տեսնում, ամեն օր էդ հարցով զբաղվում եմ... Ես իմ պարտականությունները կատարում եմ»,- ձեռքը սեղանին խփելով հակադարձեց Ա. Փելեշյանը եւ հավելեց. «Որ չգիտես, մի ասի՝ առաջին տեղակալն ինչ ա անում: Ես քեզանից շատ եմ ուզում, որ քաղաքը մաքուր էղնի»:
Այս դիտարկմանը ավագանու անդամի արձագանքն այսպիսին էր. «Էդ ո՞նց ես չափում, որ դու ավելի շատ ես ուզում... »:
ՀՀԿ ու ՀՎԿ ներկայացուցիչների թեժ բանավեճը շարունակվեց մի քանի րոպե ու հնարավոր է ավելի թեժանար, եթե չընդհատվեր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողմից: