Ապրիլի 10-ին Բելառուսում մեկնարկել են ռուս-բելառուսական դեսանտավորման համատեղ վարժանքները։ Զորավարժությանը մասնակցում են Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-րդ դեսանտա-գրոհային բրիգադը և Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի 76-րդ դեսանտա-գրոհային դիվիզիան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Զորավարժությանը Ռուսաստանի և Բելառուսի ԶՈւ զինծառայողները դեսանտավորվելու են նախանշված վայրերում և իրականացնելու՝ պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը և անօրինական զինված խմբավորումները շրջափակելու և ոչնչացնելու գործողություններ։ Զորավարժությանը ընդհանուր առմամբ նեգրավված է շուրջ 600 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ Բելառուսի ԶՈւ Մի-8 ուղղաթիռներ։

Նշենք, որ ՌԴ ԶՈւ դեսանտայինների համար սա այս տարվա առաջին միջազգային զորավարժությունն է Ռուսաստանի սահմաններից դուրս։