«Ուրան-6» և «Ուրան-9» ռոբոտատեխնիկական համալիրները կմասնակցեն Մոսկվայի Կարմիր հրապարակում սպասվող Հաղթանակի զորահանդեսին: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:

«Ռոբոտները ժամանել են Ալաբինո՝ մասնակցելու փորձերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը հայտնել է, որ զորահանդեսին առաջին անգամ կմասնակցեն տանկերի օժանդակման «Տերմինատոր» մարտական մեքենաները: Զորահանդեսում գործի կդրվեն 73 թռչող ապարատ, ավելի քան 120 միավոր տեխնիկա և 12 հազար զինծառայող:

«Ուրան-9» մարտական ռոբոտատեխնիկական համալիրը նախատեսված է հետախուզման, կրակային օժանդակման և տանկերի ոչնչացման համար: «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրը նախատեսված է տեղանքի քաղաքայնացված տեղամասերի, ինչպես նաև լեռնային և հատուկ տարածքների ականազերծման համար: