ՀՀ հիմնական և ավագ 13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ-ի պաշտոնական էջից:

Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշված առարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Նշված առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` ինչպես վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Ֆինանսական կրթության փորձնական ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ:

Ծրագրի ընթացքը և արդյունավետությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում դպրոցների ուսուցիչների, ՀՀ կենտրոնական բանկի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: ԿԳ նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցներում: