«Հայաստանի բոլոր երեք նախագահների իշխանությունը ձեւավորվել է ղարաբաղյան շարժման հիմքով: Խնդիրը միայն այն չէ, որ հանրապետության բոլոր երեք նախագահները տարբեր կարգավիճակներով մասնակցություն են ունեցել ղարաբաղյան շարժմանը: Ավելի էական է այն հանգամանքը, որ իշխանությունների ձեւավորման հիմքում եղել է Արցախի խնդիրը ու նաեւ այդ հարցն է եղել նրանց գործունեության գնահատման չափանիշը:

Կարծիք կա, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեով ու Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտով ավարտվում է, այսպես կոչված, 88-ի էլիտայի շրջանը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի նախաձեռնած համակարգային տրանսֆորմացիան իրապես պատմական է ու գուցե Սերժ Սարգսյանը հենց դա նկատի ունի, երբ տարբեր առիթներով հասկացնում է, թե շատերը տակավին չեն գիտակցում կատարվող փոփոխությունների խորքային իմաստը:

Համենայն դեպս, Հայաստանի առաջին երկու նախագահները` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ոչ միայն հասկացել են 88-ի շարժման սերնդի առաքելության ավարտի հանգամանքն, այլ, ըստ էության, համակերպվել են քաղաքական թոշակառուի իրենց կարգավիճակի հետ:

Տրամաբանական կլիներ, իհարկե, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին միանար իր երկու գործընկերներին, սակայն դա, ըստ ամենայնի, տեղի չի ունենա` մի քանի օբյեկտիվ պատճառներով:

Նախ` Մանվել Գրիգորյանի ձեւակերպմամբ` «վերջին բոլշեւիկը» պետք է որոշակի տրամաբանական հանգրվանի հասցնի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը եւ հետո` նա պետք է ձեւակերպի նոր իշխանության, նույնիսկ` մի քանի տասնամյակների համար` իշխանությունների ձեւավորման եւ գործունեության, այսպես կոչված, մոտիվացիոն հիմքը: Այլ խոսքով` Սերժ Սարգսյանը հավակնում է դառնալ 88-ի շարժման եւ հետշարժումային էլիտայի կամուրջը` դրանով էլ ընդգծելով իր կերպարի պատմականությունը: Դա ինչքանով կհաջողվի Սերժ Սարգսյանին` ցույց կտա ժամանակը:

«Չորս միլիոնանոց Հայաստանի» թեզը, «համահայկական լիդերի» կերպարը փոխկապակցված գաղափարներ են ու միտված են նոր իշխանության կամ նույնիսկ մի քանի իշխանությունների ձեւավորման ու գործունեության մոտիվացիային:

Ժողովրդագրական միտումներն ուսումնասիրող աշխատանքային ոչ ֆորմալ խմբի նախաձեռնող Սամվել Ֆարմանյանն այս նոր առաքելության մեջ, ըստ էության, համարվում է Սերժ Սարգսյանի խոսնակը ու բնավ պատահական չէ, որ ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ նա ընդգրկվեց Գործադիր մարմնի կազմում:

Նախօրեին կայքերից մեկին տված հարցազրույցում Սամվել Ֆարմսնյանը` զարգացնելով Սերժ Սարգսյանի թեզերն, ասել է. «Իմ կարծիքով՝ մեր անկախ պետականության համար ժողովրդագրական խնդիրները կարգավորելը կարող է 2-րդ պետական թեստը լինել, իսկ մենք առաջին ստուգարքը՝ Արցախի ազատագրումը, հանձնել ենք փայլուն: Այս խնդրի կարգավորումը պետք լինի մեր հասունության 2-րդ գնահատումը, վստահ եմ՝ մեր ժողովուրդն ու իր էլիտան կկարողանան այս հարցի շուրջ ունենալ ոչ միայն համազգային մտահոգություն, այլեւ լուծմանն ուղղված մասնակցություն: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր գալիք բոլոր իշխանությունների օրակարգային թիվ մեկ խնդիրը սա է լինելու, ես լավատես եմ»:

Կարծում ենք` Ֆարմանյանն առավել քան հստակ է արտահայտվել, եւ առաջիկա տարիներին Սերժ Սարգսյանը զբաղված է լինելու նոր իշխանության, համակարգի գաղափարական, քաղաքական հիմքերի ձեւակերպմամբ: Այս հանգամանքը էապես փոխելու է իշխանության նոր համակարգի ինստիտուցիոնալ եւ բովանդակային բնույթը: Արցախի խնդիրը կշարունակի մնալ իշխանության առաջնահերթություններից մեկը, սակայն կդադարի լինել իշխանության ձեւավորման ու գործունեության հիմնական մոտիվը»: