Ապրիլի 22-ին «Մանուկյան ընկերություն»Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում 5-րդ անգամ կանցկացնի «Շիրակի էսքիզներ» պարային հանրապետական մրցույթ-փառատոնը՝ նվիրված ՀՀ առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Գյումրի կժամանի 17 պարային համույթ՝ մայրաքաղաք Երևանից, Կոտայքից, Տավուշի, Արարատի և Շիրակի մարզերից: Երևան, Աբովյան, Չարենցավան, Ստեփանավան, Հրազդան, Դիլիջան, Գյումրի, Ամասիա և Հովտաշեն համայնքներից ընդհանուր թվով շուրջ 600 հայորդի, բացի ազգային տոնի մասնակիցը լինելուց կպայքարեն լավագույնի կոչման և ժյուրիի ամենաբարձր գնահատականի համար:

Մրցույթը կանցկացվի երեք տարիքային խմբերում՝ 8-12 տարեկաններ, 12-16 տարեկաններ և 16-ից բարձր տարիքայինների ընդգրկմամբ: Մրցույթին մասնակցող 8-ից 12 տարեկան տարիքայինների խմբում ընդգրկված են և հանդես են գալու «Վանք» մշակութային կենտրոնը, Պրոֆ Արտ պարային ստուդիան, Արասո պարային համույթը, Դիսնեյ արվեստի դպրոցը, Ամարաս պարային համույթը, Հուշեր պարային համույթը, Ստեփանավան, Անի պարային համույթները:

12-ից 16 տարեկանների խմբում ելույթներով հանդես են գալու «Վանք» մշակութային կենտրոնը, Հովտաշեն պարային համույթը, Նազանի, ԱԶԴ, Հուշեր պարային համույթները և Նինահար պարախումբը: 16-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալու «Վանք» մշակութային կենտրոնը, Artme պարային համույթը, Գոհարներ և Հուշեր պարային համույթները: Հայտագրված յուրաքանչյուր համույթ մրցույթին կներկայանա հայկական ժողովրդական պարերի երկու կատարմամբ:

Մասնագիտական ժյուրին կնախագահի ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը: Ժյուրիի կազմում, բացի փառատոնի փորձագետներից այս անգամ կաշխատի նաև Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանը:

Այս ընթացքում փառատոնի ժյուրին նախագահել, փառատոնի հետ համագործակցել, «Շիրակի էսքիզներ»-ի կայացմանն աջակցել են «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գարիկ Գինոսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոն»-ի հիմնադիր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանն ու պարարվեստի ոլորտի այլ մեծանուն ներկայացուցիչներ:

Նախորդ փուլերի ընթացքում փառատոնը նվիրվել է ապրիլյան քառօրյա պատերազմին, Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակին, Սայաթ-Նովայի 350-ամյակին և Շերամի 160-ամյակին:

Մրցույթ-փառատոնի գալա-համերգը կանցկացվի Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում՝ մայիսի 20-ին: Նախագծի փորձագետները հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ են կատարել մայիսի 20-ին տեղի ունենալիք գալա-համերգին: