Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Փհենյանում դեսպանություն բացել և ԿԺԴՀ-ին՝ որպես միջուկային ծրագրից հրաժարման դիմաց փոխհատուցում, հումանիտար օգնություն տրամադրել: Այս մասին հայտնում է The Chosun Ilbo թերթը։

Այդ հարցերը Վաշինգտոնի և Փենյանի ներկայացուցիչների կողմից քննարկվել են երկկողմ խորհրդակցությունների ընթացքում: Ենթադրվում է, որ ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների գագաթնաժողովի հաջողության դեպքում հետագա քայլերը կարող են ձեռնարկվել ամենակարճ ժամանակում: Ավելի վաղ Վաշինգտոնի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի վերջին մանրամասները:

Համաձայն հրատարակության պնդման՝ Թրամփը ԿԺԴՀ-ից կպահանջի միջուկազերծում հանդիպման անցկացման օրվանից վեց ամսվա կամ մեկ տարվա ընթացքում: ԿԺԴՀ-ն պնդում է միջուկազերծման քայլ առ քայլ ռեժիմը, քանզի զգուշանում է, որ Սպիտակ տուն նոր վարչակազմի գալուց հետո ԱՄՆ-ը կարող է չեղյալ հայտարարել ԿԺԴՀ-ի հետ նախորդ համաձայնությունները, ասված է հոդվածում: Սակայն «Թրամփը չի վստահում Կիմ Չեն Ընին, և կարող է միջուկային ծրագրից լիակատար հրաժարում պահանջել մեկ տարվա ընթացքում»:

Կորեայի Հանրապետության պատվիրակությունը մարտի 5-ին Փհենյանում հանդիպել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ: Բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների ղեկավարների հանդիպում անցկացնելու շուրջը: