Ucom ընկերության ֆինանսավորման շնորհիվ «Այբ» դպրոցում Ucom Digital Lab թվային լաբորատորիա է ստեղծվել, որը նախատեսված է երրորդից-տասներորդ դասարանցիների համար։ Եվ արդեն կայացել է բացման արարողությունը։

Թվային լաբորատորիան թույլ կտա երեխաներին բացահայտել իրենց տաղանդն ու ներուժը: Այստեղ աշակերտները կարող են արհեստական ինտելեկտի ոլորտի հմտություններ ձեռք բերել, ծրագրավորում սովորել, ինչպես նաև համակարգչային տեխնոլոգիաների հնարավորություններն արվեստի հետ համակցել:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն, նշեց, որ բոլոր առաջադեմ ընկերությունները պետք է մտածեն ոչ միայն իրենց ընթացիկ գործունեության, այլ նաև ապագայում ներդրումների մասին:

«Ucom Digital Lab-ը արդեն դպրոցում հնարավորություն կտա զարգացնել ոգեշնչված և նպատակասլաց երեխաներին, որոնք իրենց ապագան կապում են տեխնոլոգիաների հետ և չսպասել, որ նրանք ավարտեն համալսարանը, գնան ինչ-որ տեղ աշխատելու, և հետո միայն բացահայտեն իրենց տաղանդները», - ասաց նա: Փոխանցում է news.am-ը։

Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին: