Կառավարության կողմից կրճատվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկը, որոնք ՀՀ-ում ենթակա են վերահսկողության: 2003թ․-ի օգոստոսի 21-ի՝ «ՀՀ-ում վերահսկողության ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցուցակի) հաստատման մասին» որոշման Հավելվածում համապատասխան ուղղումը հավանություն ստացավ կառավարության ապրիլի 12-ի նիստում:

Ցուցակից հանվել են՝

«ազաֆեն», «էրգոտալ», «տիորիդազին», «տոֆիզոպամ», «մեբիկար», «տրիֆլուտպերազին», «ալիմազազին» նյութերը։

Այս որոշումը պայմանավորված է այն փաստով, որ դրանք չեն մտել Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի և Հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի համապատասխան ցուցակների մեջ: Այս նյութերը ներառված չեն նաև Հայաստանի Քրեական և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերի «Փոքր, զգալի և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր և դրանց պրեկուրսորներ» հավելվածներում:

Այս նյութերը հակադեպրեսանտներ են, որոնք օգտագործվում են տարբեր աստիճանի դեպրեսիայի, էմոցիոնալ անկայունության, նևրոզների և ալկոհոլային կախվածության բուժման համար: Չեն գրանցվել այս նյութերի կախվածության և չարաշահման դեպքեր: