ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կընդլայնի չինական ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց վրա կտարածվեն ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է հայտնում է The Wall Street Journal-ը:

Նախնական ցուցակի մեջ չինական արտադրության հագուստը, բջջային հեռախոսները և կոշկեղենը չկային, քանի որ ԱՄՆ դրանց ներմուծման սահմանափակումները կառաջացնեն ամերիկացի սպառողի դժգոհությունը: Սակայն փորձագետները, որոնց հետ պարբերականը խորհրդակցել է, կարծում են, որ մեծ պահանջարկ ունեցող այս ապրանքների վրա անպայման լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ նախագահ Թրամփի հանձնարարությամբ միջոցառումներ է պատրաստում, որոնցով էապես սահանափակվելու են ամերիկյան նորագույն տեխնոլոգիաներում չինական մասնավոր ընկերությունների ներդրումները: Դրանք կառնչվեն կոնկրետ գործարքներին, չինա-ամերիկյան համատեղ ձեռնարկություններին և որոշակի կարգի գործողությունների լիցենզավորման համակարգին: Թրամփի վարչակազմի հիմնական խնդիրը Չինաստանի արդյունաբերական ճյուղերի դինամիկ զարգացման արգելակումն է, որոնք հենվում են պետական սուբսիդիաների վրա:

Նշենք, որ Վաշինգթոնի և Պեկինի առևտրային հարաբերությունների լարվածության նոր փուլը սկսվել է ապրիլի 3-ից, երբ Թրամփի վարչակազմը հրապարակել էր Չինաստանից ներմուծվող արտադրանքի ցանկը, որոնց վրա ծրագրվում էր լրացուցիչ 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանել: Ի պատասխան՝ Չինաստանի Պետական խորհուրդը հրապարակել էր 106 անուն ամերիկյան արտադրանքի ցուցակ, որոնց վրա 25 տոկոս մաքսատուրք կսահմանվի: Պատասխան միջոցառումների ուժի մեջ մտնելն ուղղակիորեն կախված էր չինական ապրանքների վրա ԱՄՆ ծրագրած մաքսատուրքերի սահմանումից: