Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում գտնվող Կոթավանք եկեղեցուց ոչ հեռու գյուղամիջյան ճանապարհի եզրին շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ ( եկեղեցու վերականգնման նախագծից շեղվելու արդյունքում) հայտնաբերվել են զարգացած և ուշ միջնադարին պատկանող մի քանի տասնյակ խաչքարեր, տապանաքարեր, որոնց վրա հայերեն արձանագրություններ կան: Տարածքից հայտնաբերվել են նաև 13-16 դարերով թվագրվող կենցաղային և ջնարակված խեցեղենի բազմաթիվ բեկորներ ու մարդկային մասունքներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տարածքը ժամանակին եղել է աշխարհիկ ու հոգևոր կառույցների համալիր: Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից։

ՀՀ մշակույթի նախարարությունում խորհրդակցությանը նախարար Արմեն Ամիրյանը մասնագետների խումբ է գործուղել՝ ուսումնասիրելու, արձանագրելու հայտնաբերվածը, փորձելու մասնագիտական լուծումներով վերականգնել նախագծից շեղվելու արդյունքում հուշարձանին պատճառված վնասը։

Նախնական հետազոտության արդյունքում պարզվել են որոշ մանրամասներ դրանց պատրաստման, ժամանակաշրջանի, վերաօգտագործման և պատմամշակութային նշանակության մասին:

«Տարածքն ամբողջությամբ ուսումնասիրված չէ և, հավանական է, որ կարող են ի հայտ գալ նոր խաչքարեր ու տապանաքարեր: ՊՈԱԿ-ը գործնական միջոցներ կառաջարկի հուշարձանի պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման, հանրահռչակման ուղղությամբ: Դա նոր հորիզոններ կբացի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների ոլորտում, որի արդյունքում կներկայացվի նաև հիմնովին մշակված հայեցակարգ` հնավայրը արգելոցի վերածելու համար»: