Ապրիլի 16-ին՝ Արցախի պետական համալսարանում կկազմակերպվի գրքերի տոն: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Միջոցառման շրջանակներում կանցկացվեն գրքի արժևորմանը նվիրված քննարկում և հանդիպում բուհի ուսանողների հետ: Քննարկումը կվարի հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը:

«Հայաստանում մշտապես կազմակերպվում են գրքի ու գրականության արժևորմանն ուղղված տարբեր միջոցառումներ: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ամրապնդել գրքի նկատմամբ սերը նաև հայկական երկրորդ հանրապետությունում»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Փոխանցում է Պանորամա-ն։

Ցուցահանդես-վաճառքին կներկայացվեն մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հանրահայտ գրողներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հեղինակների գործեր: Գրքեր կներկայացվեն տարիքային տարբեր խմբերի համար: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 12:00-ին: