Հայաստանում մասնագիտական և կադրային բազան կենտրոնացված է միայն Երևանում, այդ իսկ պատճառով ալերգիաների տարածվածության մասին ոչինչ հայտնի չէ։ Այս մասին ասել է ալերգոլոգ Սևան Իրիցյանը՝ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։

«Հայաստանում այնքան քիչ են ալերգոլոգները, որ բոլորս ճանաչում ենք իրար։ 26 դիպլոմավորված մասնագետներ ունենք ընդամենը, ովքեր աշխատում են միայն մայրաքաղաքում։ Իսկ մարզերում, եթե նույնիսկ մասնագետը դիպլոմավորված է, ապա կարող է ժամանակակից հնարավորություններ ու գիտելիքներ չունենա ճիշտ ախտորոշման ու բուժման համար։ Դրա համար էլ սխալ բուժումների խնդիրը խորացնելու հավանականությունը մարզերում շատ մեծ է»,-ասում է Սևան Իրիցյանը։

Ալերգիաները առավել բնորոշ են քաղաքային միջավայրին, երբ բնությունից մեկուսացվածությունը նվազեցնում է իմունիտետը ալերգիաների հանդեպ։ Սակայն Հայաստանում քաղաքային միջավայրն ու բնությունը իրենց աղտոտվածությամբ հավասարվել են, ինչը պայմանավորված է հանքարդյունաբերության այսօրվա տեմպերով։ «Մեր փոքր տարածքում մենք ունենք նույն օդը և նույն սնունդը, դրա համար էլ գյուղերում ալերգիկ հիվանդությունները ավելի քիչ չեն, քան քաղաքում»,- փաստում է ալերգոլոգը։