Ապրիլի 13-ին Ժնևի Թրամբլե զբոսայգում (Parc Trembley) Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը:

Հուշահամալիրը կազմված է բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից, որի հեղինակը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանն է:

Խորհրդանշական են համարում այն, որ հուշակոթողի բացումը տեղի է ունենում ՄԱԿ-ի կարևորագույն երկու փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության ոճիրի կանխարգելման կոնվենցիայի հոբելյանական՝ յոթանասուներոդ տարում:

Ժնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին, Ժնևի 2014-15 թթ. քաղաքապետ, ներկայիս՝ մշակութային հարցերով փոխքաղաքապետ Սամի Կանաանը, Ժնևի պետական խորհրդի անդամ Անտոնիո Օջերսը և այլոք: Վերջիններս ընդգծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կարևոր նշանակությունը հավաքական բռնությունների դեմ մղվող պայքարում՝ հարգանքի տուրք մատուցելով խոցված ժողովուրդների իրավունքներին և չսպիացած հիշողություններին։

ՀՀ ներկայացուցիչը հույս հայտնեց նաև, որ քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Լապտերները հիշատակի վայր կդառնան բոլոր զանգվածային բռնությունների անշիրիմ զոհերի ժառանգների համար:

Հուշակոթողի տեղադրմանը զուգահեռ Ժնևի քաղաքապետարանի և ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում Լեմանի լճեզրի երկայնքով տեղադրվել են հուշարձանի տեղադրումն ու բացումն ազդարարող վահանակներ, ինչպես նաև Թրամբլեյ զբոսայգում բացվել է հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ շվեյցարական մամուլում 1895-1920 թթ. լույս տեսած հոդվածների ընտրանու ցուցահանդես: