Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցի՝ ավերակների վերածված շենքն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Կառավարության որոշմամբ՝ Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո հողամասը սեփականության իրավունքով տրվում է «Բասենի Գովք» ՍՊԸ-ին՝ տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով:

Ներդրողը պարտավորվում է իրականացնել մեկ միլիարդ դրամի ներդրում՝ ստեղծելով 100-150 նոր աշխատատեղ: Ընկերությունը, բացի ներդրումներից, պարտավորվել է պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները: Պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում՝ հողամասը և դրա վրա կատարված ներդրումներն ու անբաժանելի շինությունները վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

Հիշեցնենք, որ կառույցը ժամանակին համարվել է Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկը: 1978թ,-ին շահագործման հանձնված այս կառույցը իր հարմարությունների ու սպասարկման որակի համար համարվել է լավագույններից: 2002թ․-ին շենքը մասամբ ապամոնտաժվել է 10 հարկանի կառույցից թողնելով 4 հարկերը: